ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Նարինե Խաչատուրյանը հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով մշակութային ժառանգության ոլորտում իրականացված ծրագրերը
20.12.2019

Դեկտեմբերի 20-ին, «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հանդես է եկել  տարեկան ամփոփիչ ասուլիսով և ներկայացրել մշակութային ժառանգության ոլորտում իրականացված ծրագրերը:

Նախարարի տեղակալը նախ անդրադարձել է ոլորտի ռազմավարությանը՝ նշելով, որ նախարարությունը կարևորում է ազգային արժեքների հենքի վրա դրված համամարդկային արժեքները և վստահություն հայտնել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ մշակույթն աշխարհի քաղաքակրթական դաշտում պատշաճ կներկայացվի: «Մենք այդ ներուժը ունենք և մեր ներքին ու արտաքին մշակութային քաղաքականությունը հենց միտված է մեր արժեքներն աշխարհին պատշաճ ներկայացնելուն: Մշակույթն իբրև «փափուկ ուժ» առավել զորեղ է, և մշակութային դիվանագիտությունն առավել զորավոր ու արդյունավետ կարող է լինել»,- ասել է Ն. Խաչատուրյանը:

Նախարարի տեղակալը խոսելով մշակութային ժառանգության մասին նշել է, որ «մշակույթ» և «ժառանգություն» ասելով նախ և առաջ նկատի ունի հայոց լեզուն, որը հայ ինքնության պահպանման ամենակարևոր գրավականն է, և ցանկություն հայտնել՝ արևելահայերենն ու արևմտահայերենը չտարանջատել և ընդունել որպես մեկ ամբողջություն:

«Ինչ վերաբերում է նյութական մշակութային ժառանգությանը, ապա «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների» օրենսդրության կատարելագործման նպատակով ներկայում լրամշակվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով կարգավորվելու են բնագավառի իրավական դաշտում տեսանելի բացերը, հստակ ձևակերպումներով և սահմանումներով մեկնաբանվելու են պատմամշակութային անշարժ ժառանգությանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման հիմնական չափորոշիչները, բնագավառի սուբյեկտների լիազորությունները և պարտականություն­ները: Հստակ կսահմանվեն հնագիտական դաշտային հետազոտությունների տեսակները և դրանց ներկայացվող պահանջները: Հանգամանորեն մեկնաբանվելու և սահմանվելու են հուշարձանին հասցված վնասի փոխհատուցման սկզբունքները և այլն: Ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը բնագավառում կուտակված խնդիրների համալիր և համապարփակ լուծմանը միտված, միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմների և կառավարման համակարգի ստեղծումն է: Առաջիկայում քննարկման կներկայացվի ՀՀ թանգարանների ոլորտը կագավորող օրենսդրական մեխանիզմների փաթեթը»,- ասել է Ն. Խաչատուրյանը:

Միջազգային համագործակցության ծրագրերից նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Ն. Խաչատուրյանը խոսել է նաև հետևյալ ձեռքբերումների մասին. «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը» համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության նոր կենսունակ տարածքներով, ցանկը կազմված էր 2 տարրերից («Արենի գյուղ» և «Գյումրի քաղաք»), ավելացել է ևս 5-ը՝ «Մեղրի քաղաք», «Աշնակ գյուղ», «Գորիս քաղաք», «Խաչիկ գյուղ», «Վերին Դվին գյուղ»: «Եվրոպա  Նոստրա» 2019-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երկու նախագիծ՝ Սոլակ-1 պեղումների հետազոտությունն ու իրականացումը և «ԹՈՒՄՈ» կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները Վայոց Ձորում։ 2019 թ. հոկտեմբերի 18-ին Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրի ներքո բացվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Հովհաննես Թումանյանի 105 գրքերը՝ թարգմանված ավելի քան 30 լեզուներով: Հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում անցկացվել է «Արևելք-Արևմուտք. Հ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը՝ նվիրված մեծ գրողի ծննդյան 150-ամյակին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի աջակցությամբ։ Գիտաժողովը նվիրված էր Հ. Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում իրականացվել է «Կոմիտաս Վարդապետի երկերի անգլերեն թարգմանությամբ և լատինական Հյուբշման-Մեյե-Բենեվենիստ (ՀՄԲ) գիտական տառադարձությամբ երկհատորյակի հրատարակությունը»: Սույն ծրագիրը Կոմիտասի երկերի ընտրանու հրատարակում է, որը հայերեն բնագրերին կից ներառում է ՀՄԲ գիտական տառադարձում և անգլերեն թարգմանություն։ Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ «Եվրոպա Նոստրա»-ի 2020 թվականի Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձան անվանակարգի նախնական ցանկում Հայաստանից ընդգրկվել է Տավուշի մարզում գտնվող Խորանաշատի վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020 թ. մարտին: Տրվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը: Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև ստեղծելու է հնարավորություններ տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:

Խոսելով կրթական ծրագրերի մասին` Ն. Խաչատուրյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության «Դպրոցական աբոնեմենտային ծրագիրը», որը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: «Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու: Ծրագրի  նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ամփոփելով Դպրոցական բաժանորդային համակարգի իրականացման ծրագիրը՝ թանգարաններ են այցելել 161682 /նախարարության ենթակայության՝ 137 601, այլ ենթակայության՝ 24081/, թատրոններ՝ 3500, իսկ համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցականներ և ուսուցիչներ»,- տեղեկացրել է նա և շարունակել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացնում է նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ լրացնելով հանրակրթության ոլորտում մշակութային կրթություն բաղադրիչի բացը: Ծրագիրն իրականացվում է երեք ուղղություններով՝ գրականություն, երաժշտություն և կերպարվեստ, և նպատակ ունի արվեստի միջոցով  նպաստելու դպրոցականների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը` ընդլայնելով արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։ 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընթացքում 43 արվեստագետներ կերպարվեստի, երաժշտության և գրականության ոլորտներում հնարավորություն են ստացել այցելելու 1290 դպրոց Հայաստանի բոլոր մարզերում»:

«Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն պատմական հուշարձանների պահպանության հարցում»,- նշել է Նարինե Խաչատուրյանը և հավելել, որ Իտալացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց փորձով: «Մենք նախապատրաստում ենք օրենսդրական փոփոխություններ՝ կապված հուշարձանների պահպանության հետ: Մեծ կարևորություն ենք տալիս գանձագողության դեմ պայքարին: Նախնական պայմանավորվածություն ունենք Իտալիայի հետ: Վերջինս շատ լավ փորձ ունի այդ հարցում, այնտեղ գործում է հուշարձաններ պահպանողների ինստիտուտը: Նպատակ ունենք այդ փորձը ներդնել Հայաստանում»,- ասել է Նարինե Խաչատուրյանը: 2020 թվականի գարնանը իտալացի մասնագետները կգան Հայաստան և կներկայացնեն իրենց փորձը, կհստակեցվեն համատեղ անելիքները:

Ասուլիսի ավարտին Նարինե Խաչատուրյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի հայտնի քանդակը կզարդարի Երևանը: «Կոնֆետի քանդակը Երևանում է, այն նվեր է տրված ՀՀ կառավարությանը և դեկտեմբերի 25-ին «Տաշիր սթրիթում» կլինի բացումը: Կարծում եմ, որ ևս մեկ ուրախ կետ կավելանա մեր քաղաքում»,- ասել է Նարինե Խաչատուրյանը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: